32 տարեկանում դժվար, թե ես ամուսնանամ

Ես լավ էի գիտակցում, որ 32 տարեկանում դժվար, թե ես ամուսնանամ, ես լավ հասկանում էի նաև օր մի քանի տարի հետո օրգանիզմս ֆիզիկապես չէր կարողանա տանել հղիությունը, համոզված էի, որ շրջապատս մեղադրելու է ինձ այդ քայլիս համար, բայց և լավ գիտեի, որ չեմ ուզում ծերությունս դիմավորել մենակ,  ուրախանալ եղբորս երեխաների հաջողություններով:

Ես ուզում էի գնալ ծնողական ժողովների, ուզում էի մանկապարտեզի հանդեսների համար շորեր կարել, ուզում էի գումար հետ գցել` սեփական երեխայիս կրթություն տալու համար, ես ունեի երազանք, որ առավոտյան ինչ-որ մեկի համար վաղ արթնանայի ու թեյ տաքացնեի, ես ուզում էի նույնիսկ զգալ այն ցավը, երբ սեփական զավակդ քեզ չի հասկանում: Ես ուզում էի 9 ամիս սրտի թրթիռով սպասել բալիկիս լույս աշխարհ գալուն, հագնեի հղիի շորիկներ, ուզում էի, որ ինձ հերթերում զիջեին միայն նրա համար, որ ես հղի եմ…


Ասում են սեր գոյություն ունի, ես համաձայն եմ, այն իմ սրտում էլ կա, ու կա նաև նրա սրտում, ու մեր սերը ունի շատ երկար տարիների պատմություն, բայց մեզ տրված չէր դառնալ ամուսիններ, դա տրված էր միայն նրան, իսկ ինձ` միայն երազել տեսնել նրա անունով  կնիքը կապույտ ու անշուք անձնագրիս մեջ, նրա տրված էր քահանայի հարցին ասել` այո, իսկ ինձ այդ տեսարանը տեսնել միայն ֆիլմերում և պատկերացնել, միայն պատկերացնել, նրան տրված է կռվել իր կնոջ հետ, իսկ ինձ միայն երազել ամուսնուս վրա բարկանալ…
Ասում են` մեր ճակատագիրը մեր ձեռքում է, մեր երջանկությունը մենք ենք կառուցում, ու ես ուզում էի ինքս կառուցել իմ ապագան, ու թքած ունեի հասարակության կարծիքի վրա, ասեք ինձ, երբ ես 20 տարի հետո սրտի պրոբլեմներ ունենամ, որ մի հարևանն է ինձ համար դեղ գնելու, ասեք տեսնեմ, եթե ես 65 տարեկանում թեթևակի մրսեմ, որ մի ինձ քննադատող բարեկամս է թեյ տալու… ես լավ գիտակցում էի, թե ինչ եմ ուզում, թե ուզածիս որ մի կողմ էր ճիշտ կամ սխալ…այդ ճիշտն ու այդ սխալն է հարաբերական … ու ես դա էլ էի գիտակցում…
Ես սիրում եմ նրան, հա այն մեկին, ում անշուք անձնագրի մեջ իմ անվան փոխարեն ուրիշ կնոջ անուն է, դե հա այդպես ստացվեց, երիտասարդ էինք, անխելք էինք, բայց մեղավորներ փնտրելու փոխարեն ես իմ կյանքն էի ուզում կառուցել ու ուզում էի նրա հետ կառուցել… հասկացեք, ես ընտանիք չէի ուզում քանդել, չնայած վաղուց այդ միասնությունը էլ ընտանքի չէր, բայց դա իմ գործը չէր, ես չէի միջամտում, ես միայն, ես միայն ապագա երեխայիս համար հայրիկ էի փնտրում, կոպիտ ու շահամոլ խոսքեր եմ ասում չէ, բայց ինչ արած, դա էր իրականությունը, չէ ավելի շուտ ես չէի փնտրում, ես հասկանում էի, որ եթե գնամ այդ քայլին, ուրեմն գիտեմ ով պետք է այդ քայլը անի հետս, ու ինձ պետք չէր նա` իր ընտանքից բաժանված, նա ուներ կին, ուներ երեխաներ, ու դա իր ընտրությունն էր…
Առավոտյան ժամը 7-30: Այսօր վաղ պետք է արթնանալ, բնակարանումս շատ ցուրտ է, վառեցի կրակը, սիրտս ահավոր արագ է խփում, մի տեսակ դպրոցականի պես անհանգիստ եմ, սթափեցրեց ինձ թեյնիկի սուլոցը, գնացի  խոհանոց, սև թեյի բաժակը ձեռիս նստեցի սեղանի մոտ ու նայում էի Երևանյան նոր բացվող լուսաբացին, այս անգամ էլ մտքերից ինձ կտրեց մի ձայն… մայրիկ հանդեսիս շորերը արդուկել ես… մոռացա ասեմ, տղաս  հորն է նման…

Մեկնաբանություններ (3) (+add yours?)

  1. Harut
    Մրտ 22, 2011 @ 15:25:39

    Hamadayn em ,

    Պատասխանել

  2. Դանիել'Ա
    Մրտ 23, 2011 @ 06:03:23

    Կեցցե’ս:

    Պատասխանել

Թողնել մեկնաբանություն